Իմ լավ ընկերոջ, հայտնի լրագրող Արթուր Հովհաննիսյանի էջում կարդացի «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Հայկ Մովսիսյանի «սրտաճմլիկ»
կոչ-խնդրանքը՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին, ՀՀ երեք նախագահներին, ընդդիմադիր կուսակցություններին, աշխարհահռչակ հայերին:
«Մեկ անգամ թողե՛ք ձեր ամբիցիաները, թողե՛ք ձեր քաղաքական նկրտումները, թողե՛ք ամեն բան և լծվեք Մայր Աթոռը պահելու սուրբ առաքելությանը»,- ասպետորեն հորդորում էր պարոն Հայկը:
«Համախմբվե՛ք ու պաշտպանեք ձեր, մեր սրբության սրբոց Մայր Աթոռը։ Չի՛ կարող մի դուրսպրծուկ ստահակ, մի թրքահպատակ, մի սրբապիղծ հաղթել մի ողջ հաղթանակ»:
Սպանիչ էր հատկապես գրառման ավարտը.
«Թող ներեն ինձ նրանք, ում անունը կամ կուսակցությունը չեմ նշել»:
Ճիշտ եք, «թո՛ղ ներեն», որովհետև ներումը Բարձրյալի կամքին հնազանդվելու որոշում է:
ՈՒ իսկական հրաշք է, երբ, հատկապես, ներման է արժանանում աններելի արարքը կամ զանցանքը։
Հարգելի Հայկ, չե՞ք ցանկանում ճշտել՝ իսկ Ձեզ ներե՞լ են «Գյուղապետ» մականունով երիտասարդը, այն ծեծվածներն ու ստորացվածները, որոնց ժամանակին գրոհում էիք ու ահաբեկում, սպառնում հաշվեհարդարով, տեսախցիկների առաջ նվաստացնում էիք հայ տղամարդուն, ամուսնուն, ընտանիքի հորը, ստիպում ներողություն խնդրել:
Եվ ումի՜ց…
Հենց այն ժամկետանց ապրանքից, որին այսօր ինքներդ եք «պատվում-մեծարում»՝ «նեռ, դավաճան, ծախող, գող, եկեղեցու հալածիչ, բանակի թշնամի, կողոպտիչ, շնացող, քսու, վախկոտ, քծնող, շողոքորթ, ցինիկ, ահաբեկիչ, բռնակալ, ցեղասպան» պատվանուններով:
Հավելեմ՝ տիեզերական պոռնկաբարոյին տրված բնորոշումները վերցրել եմ Ձեր իսկ Facebook-յան էջից, այն էլ՝ որակումների, թերևս 1/4-ը:
Բայց չէ՞ որ ժամանակին նույն բանն էին փաստում նաև ձեր խմբակի քմահաճույքով, առանց դատ ու դատաստանի պատժվողները:
Հիշեցնեմ՝ ինչպես էին արդարանում ահաբեկչություն իրականացնող և անհասկանալի զինվորական համազգեստը գլխներին քաշած, «խրոխտ» քայլող չգիտեսինչի «պահապանները»:
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վարչապետն է, մեր երկրի դեմքը։ Նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն»:
Նման տրամաբանությամբ, ստամոքսի մեռած մի ողորմելու, կամ ինչպես Դուք եք այժմ բնութագրում՝ «քաղաքական եթիմին», հայհոյողներն ու քննադատողները փողոցները չափչփող մերօրյա նեոբոլշևիկների ձեռքում անխտիր պետք է դառնային բռնցքամարտի տանձիկ, պետք է դաժանորեն պատժվեին՝ հանրության ամենատես աչքի առաջ:
Իսկ ինչպե՜ս էիք արտահայտվում ձեր դիցարձանին արհամարհողների մասին, հիշու՞մ եք:
Չգիտեմ՝ որ բոզորդին, կներեք, բայց իրերը կոչում եմ իրենց անուններով, ում հրահանգով և ինչ հանգամանքներում, գաղտնալսել ու հանրայնացրել էր Երևանի մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռած և կավե ոտքերով ձեր նախկին կուռքի դեմքին շպրտած աղջկա ու անհայտ տղամարդու հեռախոսազրույցը:
«էն տավարի ձանյագրությունը, որտեղ «машок»֊ի հետ խոսելիս Վարչապետին հայհոյանք է ասում, հերիք ա գցեք Ժողովուրդ ջան, խոստանում եմ՝ ՎԱՂԸ ԻՆՔԸ ԿԱՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼՈՒ, ԿԱՄ ՊԱՏԺՎԵԼՈՒ Է»,- գրում էր պսևդո-Ռեմբո Հայկ Ստեփանյանը:
Պարոն Մովսիսյան, այսօր անխուսափ կարո՞ղ եք փաստել՝ ո՞վ էր իսկական տավարը՝ անհայտ տղամա՞րդը, որին գաղտնալսել էին ոտնահարելով օրենք ու մարդու իրավունք կոչվածը, թե՞ բոլորիս քաղաքում իրեն տեր ու տիրական երևակայող ոմն «պահապան»:
Իսկ ճշտե՞լ եք՝ ձեզ ներե՞լ են հանիրավի ստորացվածները, ինչպես կասեր հանրահայտ տիկինը՝ հանուն առ ոչնչնչի ծեծվածները, 2021-ին Աբովյանի ընտրատեղամասերում բռնության ենթարկվածներն ու ահաբեկվածները:
Ի վերջո, անձամբ ես, ներե՞լ եմ Ձեզ:
Ճի՛շտ է, չգիտեք՝ ով եմ ես:
Ներկայանամ:
Ձեր նախկին կռարձանի կամոք հրատարակությունը դադարեցրած «Իրատես» թերթի գլխավոր խմբագիրը, որին 24/7 ռեժիմով գրոհում էիք օնլայն հայհոյանքներով ու սպառնալիքներով: Հանգիստ չէիք տալիս անգամ տանը:
Պատճա՞ռը:
«Իրատեսն» անկաշկանդ ներկայացնում էր ձեր տխեղծի ճշմարիտ պատկերն ու անարգ գործերը: Դե ինքնիշխան թերուսն էլ անարգել օգտվում էր, ինչպես ձեր ցուցադրած պաստառներն էին վկայում՝ «հեղափոխության պահապանների» ծառայություններից:
Իսկ երբ լույս աշխարհ եկավ «Ասֆալտի գեներալները» հրապարակումը, ֆաունայի ինչ
ներկայացուցիչ, ասես, չմասնակցեց թերթի դեմ
կազմակերպված դիվային վակխանալիային:
Դե, դուք այլ կերպ չէիք էլ կարող, դուք կատարված հեղաԽԵՂության արթուն պահակներն էիք:
Բայց երբևէ մտածեցի՞ք՝ ո՞ր հեղափոխության «պահապաններն» էիք:
Ա՞յն, որ ծիածանագույն ժապավեններով փաթաթած, սկուտեղի վրա հանձնեցին մի փնթի տգետի:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ չեղած բանի ի՞նչը և ումի՞ց էիք պաշտպանում, «ասֆալտի» գեներալներ դարձած, ու՞մ էիք վախեցնում:
Նրա՞նց, որոնց շատերի հարազատները, մտերիմներն ու ընկերները, երբ կռվում էին, վիրավորվում, զոհվում, ձեր պաշտած խմբիշխանության դասալիքները միմյանց վրա մատնագրեր էին խզմզում ու փողով չեղած հիվանդություններ «թխում»:
Ի՜նչ ամոթ է, չէ՞:
Այնուամենայնիվ, ինչու՞ գրեցի այսքան երկար-բարակ:
Մինչ գլխավոր պատճառը բացահայտելը ճշտենք՝ պարոն Հայկ Մովսիսյան, զղջացե՞լ եք, ապաշխարե՞լ եք:
Հարցը հռետորական է, որ չի ենթադրում պատասխան:
Իսկ այժմ ամենագլխավորը. ասե՛ք, խնդրում եմ՝ նման անցյալից հետո ո՞նց հավատանք Ձեր մետամորֆոզին:
Ո՞նց ստիպենք մեզ մտածելու, որ Դուք մեր շարքերում տեղադրված դանդաղ գործունեության պայթուցիկ չեք:
Կարո՞ղ եք ասել՝ ո՞նց հավատամ, երբ գիտակցում եմ իմ հավատի աստրճանը, զուգահեռաբար էլ՝ իմ փոքրությունն ու Աստծո զորությունը:
ՈՒ ո՜նց չբացականչեմ՝ Տե՜ր, օգնիր իմ անհավատությանը:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ